ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (#4572)

Թող փառաբանվի անունը Քո, ո՜վ Տեր իմ Աստված: Քեզ եմ կոչում Քո անվամբ, որով եկել է Ժամը և եկել է Հարությունը, և վախն ու թրթռոցը համակել են բոլորին, ովքեր էությունն են երկնքում ու էությունն են երկրի վրա. զեղիր Քո ողորմածության երկնքներից ու Քո հեզ կարեկցանքի ամպերից այն, ինչ կուրախացնի Քո ծառաների սրտերը, որ դիմել են Քեզ և օգնում են Քո գործին:
	Պահպանիր Քո ծառաներին ու սպասավորուհիներին, ո՜վ իմ Տեր, աննպատակ երազանքների նետերից ու երևակայության ունայնությունից և տուր նրանց Քո վերին օգնության ձեռքերից Քո գիտելիքի հանդարտ ծորացող ջրերից մի կում:
	Դու, հիրավի, Ամենազոր ես, Ամենավեհ, Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:

-Bahá'u'lláh
-----------------------

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (#4573)

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ես ելա իմ տնից` ամուր բռնվելով Քո սիրո թելից, և ես ամբողջությամբ հանձնեցի ինձ Քո խնամքին ու Քո պաշտպանությանը: Աղերսում եմ Քեզ Քո զորավորությամբ, որով դու ապահովեցիր Քո սիրեցյալներին մոլորվածներից ու անբարոյականներից, Քո ճանապարհից շեղված ամեն մի բռնացողից, ամեն մի չարագործից. պահպանիր ինձ Քո ողորմածությամբ ու վերին օգնությամբ: Թույլ տուր ինձ Քո զորավորությամբ և Քո ուժով վերադառնալ տուն:
 	Հիրավի, Դու Ամենազոր ես, Օգնական Վտանգի մեջ, Ինքնագո:

-Bahá'u'lláh
-----------------------

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (#4574)

Սահմանիր, ո՜վ իմ Տեր, իմ համար ու նրանց համար, ովքեր հավատում են Քեզ, լավագույնը Քո դատողության մեջ, ինչպես նշված է Մայր-Գրքում, քանզի Դու Քո ձեռքում պահում ես որոշակի չափեր ամեն ինչի համար:
	Քո բարի ընծաներն անվերջ ի վերուստ առաքվում են նրանց, ովքեր սեր են տածում Քո հանդեպ և Քո երկնային ողորմածությունների հրաշալի նշաններով առատորեն շնորհվում են նրանք, ովքեր ընդունում են Քո աստվածային Միասնությունը: Մենք Քո խնամքին ենք հանձնում այն ամենն, ինչ դու մեզ նախանշել ես և աղերսում ենք Քեզ ընծայել մեզ այն բարիքը, որ կա Քո գիտելիքում:
	Պաշտպանիր ինձ, ո՜վ իմ Տեր, ամեն չարիքից, որ Քո ամենագիտությունը զանազանում է, քանզի չկա ո՛չ հզորություն, ո՛չ ուժ ոչ ոքի մեջ, բացի Քեզանից, չի լինի տոնակատարություն ոչ ոքի ներկայությամբ, բացի Քո ներկայությունից և միայն Քո կամքը պետք է լինի: Ինչ ցանկացավ Աստված` եղավ, իսկ ինչ Նա չի ցանկանա` չի լինի:
	Չկա ոչ զորավորություն, ոչ ուժ ոչ ոքի մեջ, բացի Աստծուց` Ամենավեհ, Ամենազոր:

-The Báb
-----------------------

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (#4575)

Փառապանծ եղիր Դու, ո՜վ Աստված: Դու Աստված ես, Ով ամենից առաջ էր, Ով կլինի ամեն ինչից հետո և Ով կմնա, երբ ամեն ինչ կանհայտանա: Դու Աստված ես, Ով ամեն ինչ գիտի ու գտնվում է ամեն գոյից բարձր: Դու Աստված ես, Ով գթասիրտ է ամենի հանդեպ, Ով ամեն ինչ կդատի և Ով Իր հայացքով համակում է ամեն գոյը: Դու իմ Տեր Աստված ես, Դու գիտես իմ դրության մասին, Դու թափանցում ես ինչպես իմ արտաքին, այնպես էլ ներքին էության մեջ:
	Ընծայիր Քո ներումն ինձ և այն հավատացյալներին, ովքեր արձագանքեցին Քո Կոչին: Եղիր իմ ապահով պաշտպանը նրանց խարդավանքներից, ովքեր կցանկանան ինձ տառապանք պատճառել կամ ինձ չարիք կցանկանան: Հիրավի, Դու ամեն գոյի Տերն ես: Դու շնորհում ես ամենքին, ու առանց Քեզ ոչ ոք չի կարող գոյություն ունենալ:

-The Báb
-----------------------

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (#4576)

Նախանշանակիր ինձ, ո՜վ Տեր, այն ամեն բարին, որ ստեղծել ես կամ պետք է ստեղծես Դու և պաշտպանիր ինձ ամեն չարիքից, որն ատելի է Քեզ այն ամենի մեջ, ինչ ապրում է կամ կյանքի կկոչվի Քո կողմից: Ճշմարիտ է, Քո գիտելիքը համակում է ամեն գոյը: Փա՛ռք Քեզ: Հիրավի, չկա Աստված, Քեզանից բացի և ոչինչ ո՛չ երկնքում, ո՛՛չ երկրի վրա, ո՛չ դրանց միջև երբեք չի կարող խանգարել Քո Կամքի կատարմանը: Հիրավի, Դու իշխում ես ամեն արարվածը:
	Ո՜վ իմ Աստված, որքան հեռու է Քո Էության վեհությունից այն, որ ամենքը փնտրում է Քո գթասրտությունը կամ բարեհաճությունը: Որքան հեռու է Քո երկնային փառքից այն, որ ամեն մեկն աղերսում է Քեզ հայտնել Քո ընծաների և Քո սիրո վկայությունները: Չափազանց վեհ ես Դու, որպեսզի որևէ մեկի հոգին աղերսի Քեզ, որպեսզի Դու արտահայտես Քո ողորմած նախախնամությունն ու նուրբ խնամքը, և չափազանց օրհնված է Քո փառքը, որպեսզի որևէ մեկը խնդրի Քո օրհնությունների և Քո աստվածային առատաձեռնության ու վերին օգնության զեղումները: Քո արքայությունում, երկնային ու երկրային, որն օժտված է շատ ընծաներով, Դու անսահմանորեն բարձրացված ես այն ամենից վեր, ինչ բնորոշ է որևէ արարածի:
	Այն ամենն, ինչ աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Աստված, այն է, որ Դու ինձ թույլ տաս, նախքան հոգիս կլքի մարմինս, արժանանալ Քո բարեհաճությանն, անգամ, եթե այն ինձ ընծայվի գեթ կարճ ակնթարթ, որ փոքր է մանանեխի հատիկից: Քանզի, եթե իմ հոգին լքի մարմինս այն պահին, երբ Դու գոհանաս ինձանով, ես կազատվեմ երկյուղներից ու անհանգստությունից, բայց եթե հոգիս ինձ թողնի այն ժամանակ, երբ Դու ինձանից դժգոհ լինես, անգամ, եթե ես կատարած լինեմ բոլոր բարի գործերը, դրանք ոչ մի օգուտ չեն բերի, և անգամ եթե ես վաստակեմ բոլոր մեծ արանքներն ու փառքը, դա չի ծառայի իմ բարձրացմանը:
	Այդ պատճառով ես սրտանց աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Աստված, երբ ինձ կկանչես Քո երկնքները և կհրամայես ինձ ներկայանալ Քո սուրբ ներկայության առջև, ողորմածաբար ի վերուստ առաքիր ինձ Քո բարեհաճությունը, քանզի մարդկանց համար Դու հավերժ եղել ես անչափ առատաձեռնության Աստված և չգերազնցված ընծաների Տեր բոլոր նրանց համար, ովքեր բնակվում են Քո ամենազորության վեհ սահմաններում:

-The Báb
-----------------------

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (#4577)

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ծածկիր Քո հավատարիմ ծառաներին եսասիրության ու կրքի չարիքներից, Քո քնքուշ խնամքի աչալուրջ աչքով պաշտպանիր նրանց ամեն մի հիշաչարությունից, ատելությունից ու նախանձից, տուր նրանց օթևան Քո հոգատարության անառիկ պատվարում, և թող նետերի համար անխոցելի կասկածները դառնան Քո փառավոր նշանների արտահայտումներ, լուսավորիր նրանց դեմքերը փայլուն շողերով` բխող Քո աստվածային Արշալույսի միասնությունից, ուրախացրու նրանց սրտերը խոսքերով` հայտնված Քո սուրբ արքայությունից, ամրացրու նրանց մեջքերը Քո ամենակործան ուժով, որ ի վերուստ առաքվում է Քո փառքի ապարանքից: Դու Ամենաառատաձեռն ես, Պաշտպանող, Ամենազոր, Բարեբեր:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (#4578)

Ո՜վ իմ Տեր: Դու գիտես, որ մարդիկ համակված են տառապանքներով ու փորձանքներով, որ նրանք բոլոր կողմերից սեղմված են դժվարություններով ու դժբախտություններով: Ամեն մի փորձություն ընկնում է մարդու վրա և ամեն մի ծանր անհաջողություն խոցում է նրան, ինչպես օձի խայթը: Նրա համար չկա ո՛չ ապաստան, ո՛չ օթևան, բացի Քո պաշտպանությունից, հովանավորությունից, պահպանությունից ու խնամքից թևանու ներքո:
	Ո՜վ դու Ողորմած: Ո՜վ իմ Տեր: Քո պաշտպանությունը դարձրու ինձ զրահ, Քո հովանավորությունն` ինձ վահան, հնազանդությունը Քո Միակ Էության դարպասների առջև` ինձ պաշտպանություն, Քո խնամքն ու հովանավորությունն` ինձ պատվար և կացարան: Պաշտպանիր ինձ եսասիրության ու կրքի սադրանքներից և ինձ զերծ պահիր ամեն տեսակի տկարությունից, աղետից, դժվարությունից ու ծանր փորձությունից:
	Դու, հիրավի, Պաշտպան ես, Պահապան, Հովանավոր, Ամենածանրակշիռ և Դու, հիրավի, Գթասիրտն ես բոլոր Գթասիրտներից:

-`Abdu'l-Bahá
-----------------------

