ՆԵՐՈՒՄ (#4620)

Երբ մեղսագործը հասնում է լիակատար օտարացման ու ազատության ամենից, բացի Աստծուց, նա պետք է Աստծուց ներողություն ու ողորմածություն խնդրի: Մեղքերի ու զանցանքների խոստովանությունը մարդկային արարածների առջև անթույլատրելի է, քանզի դա երբեք բարենպաստ չի եղել և բարենպաստ չի լինի Աստվածային ներմանը: Ավելին, այդպիսի խոստովանությունը տանում է մարդու նսեմացմանն ու վիրավորանքին, իսկ Աստված, թող Նա փառապանծ լինի, չի ցանկանում Իր ծառաների նսեմացումը: Հիրավի, Նա Կարեկից է, Գթասիրտ: Աստծու հետ առանձին մեղսագործը պետք է աղաչի Նրան գթասրտության համար ողորմածության Օվկիանոսից, ներողություն խնդրի առատության Երկնքներից այսպիսի բառերով.

Ո՜վ իմ Աստված, Աստված: Ես թախանձում եմ Քեզ Քեզ իսկապես սիրողների արյունով, ովքեր այնքան հիացած են Քո քաղցրանուշ խոսքերով, որ շտապեցին դեպի Փառքի Գագաթ` սուրբ մարտիրոսության վայր, և ես աղերսում եմ Քեզ այն գաղտնիքներով, որ կան Քո գիտելիքում ու այն մարգարիտներով, որ թաքնված են Քո առատաձեռնության օվկիանոսում, ինձ ներում շնորհել և իմ հորը, և իմ մորը: Նրանցից, ովքեր ողորմածություն են ցուցաբերում, Դու, հիրավի, Ամենաողորմած ես: Չկա Աստված Քեզանից բացի` Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:
	Ո՜վ Տեր: Դու տեսնում ես, որ այս հանցավորության մարմնավորումը դիմեց Քո բարյացակամության օվկիանոսին, որ այս տկարը փնտրում է Քո Աստվածային ուժի արքայությունը, որ այս խեղճ արարածը սլանում է դեպի Քո հարստության ցերեկային աստղը: Հանուն Քո ողորմածության ու վերին օգնության, մի հիասթափեցրու նրան, ո՜վ Տեր, և մի զրկիր նրա հայտնությունները Քո առատությունից Քո օրերում և նրան դեն մի շպրտիր Քո դարպասներից հեռու, որ Դու լայն բացել ես Քո երկնքների ու Քո երկրի բոլոր բնակիչների առջև:
	Ավա՜ղ: Ավա՜ղ: Իմ մեղքերն ինձ խանգարում են հասնել Քո սրբության Արքունիք և իմ մեղքերի պատճառով ես թափառում եմ Քո մեծության Խորանից հեռու: Ես կատարեցի այն, ինչ Դու արգելել էիր ու մերժեցի այն, ինչ Դու կարգադրել էիր:
	Ես Քեզ աղերսում եմ Նրանով, Ով Անունների վեհապետական Տիրակալն է` նախասահմանիր ինձ Քո առատաձեռնության Գրչով այն, ինչ ինձ թույլ կտա մոտենալ Քեզ և մաքրիր ինձ մեղքերից, որ կանգնել են իմ ու Քո ներման ու Քո ողորմածության միջև:
	Դու, հիրավի, Հզոր ես, Առատաձեռն: Չկա Աստված քեզանից բացի` Ամենազորավոր, Բարեշնորհ:

-Bahá'u'lláh
-----------------------

ՆԵՐՈՒՄ (#4621)

Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Թախանձում եմ Քեզ Ընտրյալներով ու Քո Վստահելիներով ու Նրանով, Ում Դու նշանակել ես լինել Քո Մարգարեների ու Քո Ավետաբերների Դրոշմ. թող Քեզ հիշատակելը լինի իմ ուղեկիցը, Քո սերն` իմ նպատակը, Քո դեմքն` իմ ձգտումը, Քո անունն` իմ լուսատուն, Քո կամքն` իմ ցանկությունն ու Քո բարեհաճությունն` իմ բերկրանքը:
	Մեղսագործ եմ ես, ո՜վ իմ Տեր, իսկ Դու Հավերժ Ներող ես: Հենց որ ես Քեզ ճանաչեցի, շտապեցի հասնել Քո քնքուշ խնամքի բարձր արքունիք: Թողություն տուր իմ մեղքերին, ո՜վ իմ Տեր, որ խանգարում են ինձ քայլել Քեզ հաճելի ճանապարհներով ու հասնել Քո միասնության օվկիանոսի ափերին:
	Չկա ոչ ոք, ո՜վ իմ Տեր, ով իմ հանդեպ կարողանար առատաձեռնություն ցուցաբերել և ում կողմը ես կարողանայի դեմքս շրջել և ոչ ոք, ով կարեկցեր ինձ, որպեսզի ես կարողանայի նրանից խնդրել ողորմածություն: Աղերսում եմ Քեզ` մի հեռացրու ինձ Քո վերին օգնության կացարանից և մի պահիր ինձանից Քո մեծահոգության ու առատաձեռնության զեղումները: Նշանակիր ինձ այն, ո՜վ իմ Տեր, ինչ նշանակել ես Դու Քեզ սիրողներին ու պատվիրիր ինձ այն, ինչ պատվիրել ես Դու Քո ընտրյալներին: Ամեն ժամանակ հայացքս ուղղված է Քո գթասիրտ նախախնամության երկնակամարին ու աչքերս ուղղված են դեպի Քո մեղմ ողորմածության արքունիքը: Վարվիր ինձ հետ այնպես, ինչպես Քեզ է վայել: Չկա Աստված, քեզանից բացի` ուժի Աստծու, փառքի Աստծու, Նրա, Ում օգնության է դիմում ամեն մարդ:

-Bahá'u'lláh
-----------------------

ՆԵՐՈՒՄ (#4622)

Ո՜վ իմ Տեր, ահա ես, ով իր դեմքը ուղղեց դեպի Քեզ, իր հույսերը կապեց Քո վերին օգնության հրաշքների հետ ու Քո առատաձեռնության հայտնությունների հետ: Աղերսում եմ Քեզ` մի թող ինձ հիասթափված շրջվել Քո ողորմածության դռներից ու մի թող ինձ Քո ստեղծածներից նրանց վրա, ովքեր մերժեցին Քո Գործը:
	Ո՜վ իմ Աստված, ես Քո ծառան եմ ու Քո ծառայի որդին: Ես ընդունեցի Քո ճշմարտությունը Քո օրերում ու ոտքերս ուղղեցի դեպի Քո միակ էության ափերը` դավանելով Քո միասնությունը, ճանաչելով Քո միակությունը և ապավինելով Քո թողությանն ու ներմանը: Դու ես Տերն անել այն` ինչ կցանկանաս. չկա Աստված, քեզանից բացի` Ամենափառապանծ, Հավերժ Ներող:

-Bahá'u'lláh
-----------------------

ՆԵՐՈՒՄ (#4623)

Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Ամեն անգամ, երբ ես համարձակվում եմ հիշատակել Քեզ, ինձ հետ են պահում Քո առաջ կատարած իմ մեծ մեղքերն ու ծանր հանցանքները և տեսնում եմ ես, որ լիովին զրկված եմ Քո վերին օգնությունից ու բոլորովին անզոր եմ Քեզ գովաբանել: Այնուամենայնիվ, ամուր հավատը Քո առատաձեռնությանը վերածնում է իմ հույսը Քո հանդեպ, իսկ համոզվածությունս այն բանում, որ Դու իմ հետ ողորմածաբար կվարվես, ինձ խիզախություն է տալիս Քեզ փառաբանելու ու Քեզանից խնդրելու այն, ինչ Դու ունես:
	Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Աստված, Քո ողորմածությամբ, որը գերազանցում է ամեն մի ստեղծած և որի մասին վկայում են բոլոր նրանք, ովքեր խորասուզված են Քո անունների օվկիանոսն` ինձ մի տրամադրիր ինքս ինձ, քանզի իմ սիրտը հակված է վատին: Ուրեմն, պահպանիր ինձ Քո պաշտպանության պատվարում ու Քո խնամքի օթևանում: Ես ցանկանում եմ, ո՜վ իմ Աստված, միայն այն, ինչ սահմանել ես Դու Քո իշխանության ուժով: Այն ամենն, ինչ ես ընտրել եմ իմ համար, այն է, որ Դու ինձ օգնես Քո կամքի բարեբեր խրատներով ու ղեկավարությամբ և որպեսզի սատարես ինձ Քո կամքի ու դատաստանի նախանշանակներով:
	Ո՜վ Դու, սրտերի Սիրեցյալ, որ կարոտում են Քեզ` աղերսում եմ Քեզ Քո Գործի Հայտնիչներով ու Քո ոգեշնչման Արշալույսներով ու Քո մեծության Մարմնավորումներով ու Քո գիտելիքի Գանձատներով` մի զրկիր ինձ Քո սուրբ Կացարանից, Քո Տաճարից ու Քո Խորանից: Օգնիր ինձ, ո՜վ իմ Տեր, հասնել Նրա օրհնյալ արքունիքը, գտնվել Նրա անձի շուրջն ու խոնարհաբար կանգնել Նրա դռան առջև:
	Դու Նա ես, Ում զորավորությունը կմնա հավիտյանս հավիտենից: Ոչինչ չի վրիպի Քո գիտելիքից: Դու, հիրավի, զորավորության Աստված ես, փառքի և իմաստունության Աստված ես:
	Փառապա՛նծ եղիր Աստված, աշխարհների Տեր:

-Bahá'u'lláh
-----------------------

ՆԵՐՈՒՄ (#4624)

Թող փառաբանվի Քո անունը, ո՜վ իմ Աստված ու ամեն գոյի Աստված, իմ Փառք ու ամեն գոյի Փառք, իմ Ցանկություն ու ամեն գոյի Ցանկություն, իմ Ուժ ու ամեն գոյի Ուժ, իմ Արքա ու ամեն գոյի Արքա, իմ Տիրակալ ու ամեն գոյի Տիրակալ, իմ Նպատակ ու ամեն գոյի Նպատակ, իմ Շարժիչ ու ամեն գոյի Շարժիչ: Աղերսում եմ Քեզ` թույլ մի տուր, որպեսզի ես զրկված լինեմ Քո մեղմ ողորմածությունների օվկիանոսից ու հեռանամ Քո մոտիկության ափերից:
	Ոչինչ, Քեզանից բացի, ո՜վ իմ Տեր, ինձ օգուտ չի բերի, ու մտերմությունը որևէ մեկի հանդեպ, Քեզանից բացի, ինձ ոչինչ չի տա: Աղերսում եմ Քեզ Քո հարստությունների առատությամբ, որոնցով Դու բոլորից անկախ ես, բացի Քեզանից, դասիր ինձ նրանց շարքերը, ովքեր իրենց դեմքերը շրջեցին դեպի Քեզ և ովքեր բարձրացան Քեզ ծառայության:
	Ուրեմն, ներիր, ո՜վ իմ Տեր, Քո ծառաներին ու սպասավորուհիներին: Դու, իրականորեն, Հավերժ Ներող ես, Ամենակարեկից:

-Bahá'u'lláh
-----------------------

ՆԵՐՈՒՄ (#4625)

Տեսնում ես, ո՜վ Տեր` մեր ձեռքերն աղոթքի մեջ վեր են կարկառել Քո բարեհաճության ու Քո ընծաների երկնքներ: Թույլ տուր դրանց լցվել Քո անչափ առատաձեռնության ու առատ վերին օգնության գանձերով: Ներիր մեզ և մեր հայրերին և մեր մայրերին և օժտիր մեզ այն ամենով, ինչ մենք տենչում ենք Քո ողորմածության ու Աստվածային վերին օգնության օվկիանոսից: Ընդունիր, ո՜վ մեր սրտերի Սիրեցյալ, մեր բոլոր ջանքերը Քո ճանապարհին: Դու, հիրավի, Աննման ես, Ամենատիրակալ, Միակ, Ներող, Գթասիրտ:

-Bahá'u'lláh
-----------------------

ՆԵՐՈՒՄ (#4626)

Գովք Քեզ, ո՜վ Տեր: Ներիր մեզ մեր մեղքերը, գթա մեզ և օգնիր մեզ վերադառնալ Քո մոտ: Մեզ թույլ մի տուր հույս դնել ուրիշների վրա, բացի Քեզանից և մեզ Քո առատություններից բաժին տուր, որ սիրալիր է Քեզ և ցանկալի է Քեզ և հաճելի է Քեզ: Բարձրացրու նրանց դիրքը, ով իրականորեն է հավատում ու ներիր նրանց` հայտնելով Քո ողորմած համաներունը: Հիրավի, Դու օգնական ես Վտանգի մեջ, Ինքնագո:

-The Báb
-----------------------

ՆԵՐՈՒՄ (#4627)

Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, ներիր ինձ ամեն հիշատակման համար, բացի Քո մասին հիշատակումից, ամեն գովքի համար, բացի Քեզ գովերգելուց, հաճույքի համար, որ Քեզ մոտ լինելուց չէ, ամեն երջանկության համար, բացի Քեզ հետ շփվելու երջանկությունից, ամեն ուրախության համար, բացի Քո սիրո ու Քո բարեհաճության ուրախությունից, այն ամեն ինչի համար, որ ինձ են պատկանում, որ Քեզ հարազատ չեն, ո՜վ Դու, Ով տերերի Տերն է, Ով միջոց է տալիս ու դռներ բացում:

-The Báb
-----------------------

ՆԵՐՈՒՄ (#4628)

Գիտեմ, ո՜վ Տեր, որ իմ մեղքերն ինձ անարգանքով են ծածկել Քո ներկայությամբ, ինձ հողին են կռացրել Քո առջև, կանգնել են իմ ու Քո սքանչելի դեմքի միջև, շրջապատել են ինձ բոլոր կողմերից ու խոչընդոտներ են հարուցում, որպեսզի ես չկարողանամ ըմբռնել Քո երկնային ուժի հայտնությունները:
	Ո՜վ Տեր: Եթե Դու ինձ չներես, ո՞վ ինձ մեղքերի թողություն կտա ու եթե Դու ինձ չգթաս, ուրեմն, ո՞վ ինձ կկարեկցի: Փա՜ռք Քեզ, քանզի Դու ինձ կանչեցիր անէությունից և Դու ինձ սնեցիր, երբ ես դեռ անխելամիտ էի: Գո՜վք Քեզ, քանզի առատաձեռնության ամեն մի վկայություն բխում է Քեզանից և ողորմածության ամեն մի նշան ծագում է Քո կամքի գանձատներից:

-The Báb
-----------------------

ՆԵՐՈՒՄ (#4629)

Ո՜վ Դու, ներող Տեր: Դու կացարան ես Քո բոլոր ծառաների համար: Դու գիտես բոլոր գաղտնիքներն ու Դու ամեն ինչի մասին գիտես: Մենք բոլորս անօգնական ենք, իսկ Դու` Ուժեղ, Ամենազոր: Մենք բոլորս մեղսագործ ենք, իսկ Դու` մեղքերը Ներող, Ողորմած, Կարեկից: Ո՜վ Տեր: Մի նայիր մեր զանցանքներին: Վարվիր մեզ հետ Քո ողորմածությամբ ու Քո առատաձեռնությամբ: Անթիվ են մեր մեղքերը, բայց անսահման է Քո ներման օվկիանոսը: Դառն են մեր թուլությունները, բայց ակնհայտ են Քո օգնության ու աջակցության վկայությունները: Ուրեմն ամրապնդիր և ուժ տուր մեզ: Արժանացրու մեզ անել այն, ինչ արժանի է Քո Սրբազան շեմին: Լուսավորիր մեր սրտերը, սրատեսություն տուր մեր աչքերին և լարիր մեր լսողությունը: Հարություն տուր մեռածներին և ապաքինիր հիվանդներին: Հարստություն տուր աղքատներին և հանգստություն ու անվտանգություն տուր նրանց, ովքեր վախով են համակված: Ընդունիր մեզ Քո արքայությունում և լուսավորիր մեզ առաջնորդության լույսով: Դու Ամենազորեղ ես ու Ամենահզոր: Դու Առատաձեռն ես, Դու Ողորմած ես, Դու Բարի ես:

-`Abdu'l-Bahá
-----------------------

