ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ (#4568)

Ո՜վ իմ Աստված: Ո՜վ իմ Աստված: Միացրու Քո ծառաների սրտերը և բաց արա նրանց առջև Քո մեծ նպատակը: Թող նրանք հետևեն Քո հրամաններին և թող պահպանեն Քո օրենքը: Օգնիր նրանց, ո՜վ Աստված, իրենց ջանքերում և Քեզ ծառայելու ուժեր տուր:
	Ո՜վ Աստված: Նրանց իրենց մի տրամադրիր, բայց նրանց ոտքերն ուղղիր Քո գիտելիքի լույսով և նրանց սրտերն ուրախացրու Քո սիրով: Հիրավի, Դու ես նրանց Օգնականը և նրանց Տերը:

-Bahá'u'lláh
-----------------------

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ (#4569)

Փառք Քեզ, ո՜վ Աստված, քանզի Դու հայտնեցիր սերը մարդկության հանդեպ: Ո՜վ Դու, մեր Կյանք ու մեր Լույս, Քո ծառաներին տար Քո ճանապարհով, մեզ Քեզանում հարուստ դարձրու և ազատիր մեզ ամեն ինչից, բացի Քեզանից:
	Ո՜վ Աստված, մեզ սովորեցրու Քո Միակությունը հասկանալ և արժանացրու գիտակցել Քո Միասնությունը, որպեսզի մենք չտեսնենք ոչ ոքի, բացի Քեզանից: Դու Ողորմած ես, բարիքներ Տվող:
	Ո՜վ Աստված, Քո սիրեցյալների սրտերում Քո հանդեպ սիրո կրակ վառիր, որպեսզի այն ոչնչացնի ամեն տեսակի միտք, բացի Քո մասին մտքից:
	Հայտնիր մեզ, ո՜վ Աստված, Քո վեհ հավերժությունը, որ դու միշտ եղել ես ու հավիտյանս հավիտենից կլինես և որ չկա Աստված, Քեզանից բացի: Հիրավի, Քեզանում կգտնենք մենք սփոփանք և ուժ:

-Bahá'u'lláh
-----------------------

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ (#4570)

Ո՜վ իմ Աստված: Ո՜վ իմ Աստված: Հիրավի, ես կոչ եմ անում Քեզ և գոչում Քեզ և աղերսում Քո շեմի մոտ` թախանձելով Քեզ, որպեսզի Քո բոլոր ողորմածությունները ի վերուստ առաքվեն այս հոգիներին: Ընտրիր դրանք Քո բարեհաճության և ճշմարտության համար: Ո՜վ Տեր: Իրար հետ միացրու և միահյուսիր սրտերը, համերաշխությամբ համախմբիր բոլոր հոգիները և Քո սրբության ու Քո միասնության նշաններով կենդանացրու ամեն մի ոգի: Ո՜վ Տեր: Թող լուսավորվեն նրանց դեմքերը Քո միասնության լույսով: Ամրացրու Քո ծառաների մեջքերը Քո արքայությանը ծառայելու մեջ:
	Ո՜վ Տեր: Դու անսահման ողորմածության տերն ես: Ո՜վ թողության ու ողորմածության Տեր: Թողություն տուր մեր մեղքերին, ներիր մեր բացթողումները և արժանացրու մեզ դիմել Քո ողորմածության արքայությանը, որպեսզի մենք կոչ անենք զորավորության և ուժի կացարանին` խոնարհ Քո սրբավայրի առջև ու հնազանդ Քո վկայությունների փառքի առջև:
	Ո՜վ Տեր Աստված: Դարձրու մեզ ծովի ալիքների ու այգու ծաղիկների նման` Քո սիրո ընծաների միջոցով մնացող միասնության ու համերաշխության մեջ: Ո՜վ Տեր: Ուրախացրու սրտերը Քո միասնության նշաններով և նմանեցրու ամբողջ մարդկությունն աստղերի, որ փայլատակում են փառքի միևնույն բարձրունքներից ու կատարյալ պտուղների, որ աճում են Քո կյանքի ծառին:
	Դու, հիրավի, Ամենազոր ես, Ինքնագո, Ընծայող, Ներող, Ողորմած, Ամենագետ, Միակ Արարիչ:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ (#4571)

Ո՜վ Տեր Բարի: Ո՜վ Դու, Ով առատաձեռն է ու կարեկից: Մենք Քո շեմի ծառաներն ենք` հավաքված Քո Աստվածային միասնության հովանու տակ: Քո ողորմածության արևը փայլում է ամեն ինչի վրա, և Քո գթասրտության ամպերը զեղում են բոլորի վրա: Քո ընծաները բոլորին համակում են, Քո հոգատար նախախնամությունը բոլորին ամրապնդում է, Քո հովանավորությունը բոլորին համակում է և Քո բարեհաճության հայացքներն ուղղված են բոլորի վրա: Ո՜վ Տեր: Ի վերուստ առաքիր Քո անվերջանալի ընծաները, և թող շողա Քո առաջնորդության լույսը: Լուսավորիր աչքերը և ուրախացրու սրտերն անանցողիկ երջանկությամբ: Բոլոր մարդկանց ուղարկիր նոր ոգի և ընծայիր նրանց հավերժական կյանք: Բացիր իսկական ըմբռնման դարպասները և թող ամբողջ շքեղությամբ շողա հավատի լույսը: Հավաքիր բոլոր մարդկանց Քո առատաձեռնության հովանու տակ և բեր նրանց միասնությանն ու համերաշխությանը, որպեսզի նրանք նմանվեն մի արևի շողերի, մի օվկիանոսի ալիքների, մի ծառի պտուղների: Թող նրանք ծարավը հագեցնեն մի աղբյուրից: Թող նրանց հովացնի մի քամին: Թող լուսավորվեն նրանք լույսի մի աղբյուրից: Դու Ընծայող ես, Գթասիրտ, Ամենազոր:

-`Abdu'l-Bahá
-----------------------

