ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ (#4669)

Ի՜մ Աստված, Ում պաշտում եմ և Ում առջև պատկառանք եմ տածում: Ես վկայում եմ Քո միասնության և Քո միակ էության մասին և ընդունում եմ Քո ընծաներն ինչպես անցյալում, այնպես էլ ներկայուն: Դու Ամենաառատաձեռնն ես, Քո ողորմածության լիառատ հեղեղները հավասարապես զեղվեցին բարձրերի ու ցածրերի վրա, Քո բարեհաճության շքեղությունն ի վերուստ առաքվեց լսողների և անհնազանդների վրա:
	Ո՜վ ողորմածության Աստված, Ում դարպասների առջև խոնարհվել է ողորմածության ամբողջ էությունն, Ում Գործի սրբավայրը շրջապատված է քնքուշ խնամքով` դրա ամենանվիրական ոգով, մենք աղերսում ենք Քեզ` կոչելով Քո նախահավիտենական վերին օգնությանը և արժանանալով Քո այժմյան բարեհաճությանը, որպեսզի Դու գթաս գոյության աշխարհի բոլոր արտահայտումները և չզրկես դրանք Քո ողորմածության զեղումներից Քո օրերում:
	Մենք բոլորս աղքատ ենք և խղճուկ, իսկ դու, հիրավի, Ամենատեր ես, Ամենանվաճող, Ամենազոր:

-Bahá'u'lláh
-----------------------

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ (#4670)

Ո՜վ Աստված, իմ Աստված: Քո վերին օգնությունն ինձ խիզախություն տվեց, իսկ քո արդարությունն իմ մեջ սարսափ մտցրեց: Երջանիկ է նա, ում Դու շնորհեցիր Քո վերին օգնությամբ և վայ նրան, ով զգաց Քո արդարությունը:
	Տե՜ր: Ես փախչեցի Քո արդարությունից և փնտրում եմ Քո վերին օգնությունը, ես շրջեցի դեմքս Քո զայրույթից և աղերսում եմ Քո ներողամտությունը: Ես թախանձում եմ Քեզ Քո ուժով, Քո տիրապետությամբ, Քո փառքով և Քո բարեհաճությամբ. լուսավորիր մարդկությունը Քո գիտելիքի լույսով, որպեսզի ամբողջ գոյը կարողանա հայտնել Քո աջերի գործերը, բացահայտել Քո հզորության գաղտնիքները և արտացոլել Քո գիտելիքի լույսը:
	Դու նա ես, ով կյանքի կոչեց ամբողջ արարվածը և լուսավորեց այն Քո խնամքի և Քո նախախնամության փայլով:
	Դու Ամենաառատաձեռն ես, Բարի:

-Bahá'u'lláh
-----------------------

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ (#4671)

Ո՜վ Տեր: Թույլ տուր երկրագնդի բոլոր մարդկանց մուտք գործել Քո Հավատի Դրախտային Այգին, որպեսզի ոչ մի արարած չմնա Քո բարեհաճության սահմաններից դուրս:
	Անհիշելի ժամանակներից Դու կարողանում էիր արարել ինչ Քեզ հաճելի է և գերազանցում էիր ամեն ինչ Քո ցանկությամբ:

-The Báb
-----------------------

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ (#4672)

Ո՜վ բարի Տեր: Դու ստեղծեցիր ամբողջ մարդկությունը մի արմատից: Դու որոշեցիր, որ բոլորը պետք է պատկանեն մի ընտանիքի: Քո սուրբ ներկայությամբ բոլորը զուտ Քո ծառաներն են, ամբողջ մարդկային ցեղն օթևան գտավ Քո Խորանում, բոլորը հավաքվեցին Քո Առատաձեռնության սեղանի շուրջ և բոլորը լուսավորված են Քո Նախախնամության Լույսով:
	Ո՜վ Աստված: Դու բարի ես բոլորի հանդեպ, Դու շնորհում ես բոլորին, բոլորին պատսպարում, բոլորին կյանք ընծայում: Դու բոլորին և ամենքին օժտել ես տաղանդներով և ընդունակություններով, և բոլորը ընկղմված են Քո Գթասրտության օվկիանոսի մեջ:
	Ո՜վ Դու բարի Տեր: Միավորիր բոլորին: Թող կրոնները համաձայնության գան, և բոլոր ժողովուրդները թող միավորվեն մեկ ժողովրդի, որպեսզի նրանք միմյանց համարեն մեկ ընտանիք և ամբողջ երկրագունդը` մեկ տուն: Թող կենան նրանք միասին կատարյալ համաձայնության մեջ:
	Ո՜վ Աստված: Բարձրացրու ժողովուրդների միասնության դրոշը:
	Ո՜վ Աստված: Հաստատիր Մեծագույն Խաղաղությունը:
	Ո՜վ Աստված, սրտերն ի մի միացրու:
	Ո՜վ Դու, Հայր ողորմած, Աստված: Ուրախացրու մեր սրտերը Քո սիրո բուրմունքով: Լուսավորիր մեր աչքերը Քո Առաջնորդության լույսով: Քաղցրացրու մեր լսողությունը Քո Խոսքի երաժշտությամբ և բոլորիս պաշտպանիր Քո Նախախնամության Պատվարում:
	Դու Զորավոր ես և Ուժեղ, Դու Ներող ես, Դու Նա ես, Ով չի նկատում մարդկանց անկատարությունը:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ (#4673)

Ո՜վ Դու, կարեկից Տեր, Դու, Ով առատաձեռն է և հզոր: Մենք Քո ծառաներն ենք, որ օթևան են գտել Քո նախախնամության հովանու տակ: Նայիր մեզ վրա բարյացակամությամբ: Լույս ընծայիր մեր աչքերին, լսողություն` մեր ականջներին, ըմբռնում ու սեր` մեր սրտերին: Ուրախացրու և երջանկացրու մեր հոգիները Քո բարի լուրերով: Ո՜վ Տեր: Ցույց տուր մեզ Քո արքայության ճանապարհը և վերածնիր բոլորիս Սուրբ Ոգու շնչով: Ի վերուստ առաքիր մեզ հավերժական կյանք և շնորհիր մեզ անվերջանալի փառքով: Միավորիր մարդկությունը և լուսավորիր մարդկանց աշխարհը: Թող մենք բոլորս հետևենք Քո ճանապարհով, թող ցանկանանք Քո բարյացակամությունը և թող ձգտենք դեպի Քո արքայության խորհուրդները: Ո՜վ Աստված: Միավորիր մեզ և կապիր մեր սրտերը Քո անքակտելի կապերով: Դու, հիրավի, Ընծայող ես, Դու Բարի ես, Դու Ամենազոր ես:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ (#4674)

Ո՜վ բարի Տեր: Ո՜վ Դու, Ով առատաձեռն է ու կարեկցող: Մենք Քո շեմի ծառաներն ենք` հավաքված Քո Աստվածային միասնության հովանու տակ: Քո ողորմածության արևը փայլում է ամեն ինչի վրա և Քո գթասրտության ամպերը զեղվում են բոլորի վրա: Քո ընծաները համակում են բոլորին, Քո հոգատար նախախնամությունն ամրապնդում է բոլորին, Քո հովանավորությունը պատում է բոլորին և Քո բարյացակամության հայացքներն ուղղված են բոլորի վրա: Ո՜վ Տեր: Ի վերուստ առաքիր Քո անվերջանալի ընծաները և թող փայլի Քո առաջնորդության լույսը: Լուսավորիր աչքերը և ուրախացրու սրտերն անանց երջանկությամբ: Բոլոր մարդկանց ի վերուստ առաքիր նոր ոգի և ընծայիր նրանց հավերժական կյանք: Բացիր իսկական հասկացության դարպասները, և թող ամբողջ շքեղությամբ շողա հավատի լույսը: Բոլոր մարդկանց հավաքիր Քո առատաձեռնության հովանու տակ և նրանց միասնության ու համերաշխության բեր, որպեսզի նրանք նմանվեն մեկ արևի ճառագայթների, մեկ օվկիանոսի ալիքների, մեկ ծառի պտուղների: Թող նրանք ծարավը հագեցնեն մեկ աղբյուրից: Թող նրանց հովացնի միակ քամին: Թող նրանք լուսավորվեն լույսի մի աղբյուրից: Դու Ընծայող ես, Գթասիրտ, Ամենահզոր:

-`Abdu'l-Bahá
-----------------------

