ԱՊԱՔԻՆՈՒՄ (#4579)

Քո Անունն իմ ապաքինումն է, ո՜վ իմ Աստված և Քեզ հիշատակելն` իմ դեղը: Քեզ մերձենալն իմ հույսն է, իսկ սերը դեպի Քեզ` իմ ուղեկիցը: Քո ողորմածությունը դեպի ինձ իմ ապաքինումն է և աջակցությունն այս աշխարհում ու ապագա աշխարհում: Հիրավի, Դու Ամենաառատաձեռն ես, Ամենագետ, Ամենաիմաստուն:

-Bahá'u'lláh
-----------------------

ԱՊԱՔԻՆՈՒՄ (#4580)

Ո՜վ Աստված, իմ Աստված: Աղերսում եմ Քեզ Քո ապաքինության օվկիանոսով և Քո վերին օգնության Ցերեկային Լուսատուի փայլով և Քո Անվամբ, որի միջոցով Դու ենթարկեցիր Քո ծառաներին ու Քո ամենավեհ Խոսքի ամենաթափանցող ուժով ու Քո ամենավսեմ Գրչի զորավորությամբ ու Քո ողորմածությամբ, որ նախադրել է բոլոր գոյություն ունեցողների ստեղծումը երկնքում ու երկրում, մաքրիր ինձ Քո առատաձեռնության ջրերով ամեն տեսակի ախտից ու հիվանդությունից, ամեն տեսակի թուլությունից ու տկարությունից:
	Դու տեսնում ես, ո՜վ իմ Աստված, թե ինչպես նա, ով կոչ է անում Քեզ, սպասում է Քո առատաձեռնության դարպասների մոտ և նա, ով Քո վրա է դնում իր հույսերը` բռնվում Քո մեծահոգության թելից: Աղերսում եմ Քեզ, մի մերժիր նրան այն բանում, ինչ նա փնտրում է Քո ողորմածության օվկիանոսից և Քո քնքուշ խնամքի Ցերեկային Լուսատուից:
	Քո ուժերում է անել այն, ինչ Քեզ է ցանկալի: Չկա Աստված Քեզանից բացի` Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:

-Bahá'u'lláh
-----------------------

ԱՊԱՔԻՆՈՒՄ (#4581)

Դու Նա ես, ո՜վ իմ Աստված, Ում անուններով ապաքինվում են հիվանդները և ամրանում են տկարները և ծարավներին խմելիք է տրվում և հանգստանում են ցավից տանջվածները և ուղիղ ճանապարհի վրա են կանգնում մոլորվածները և վեհանում են նսեմացվածները և հարստանում են չքավորները և լուսավորվում են տգետները և պայծառանում են մռայլները և քաջալերվում են տխուրները և տաքանում են սառածները և ապստամբում են տապալվածները: Քո անունով, ո՜վ իմ Աստված, ալեկոծվեց ամեն գոյը և սփռվեցին երկնքները և ստեղծվեց երկիրը և ստեղծվեցին ամպերը և անձրևը զեղվեց երկրի վրա: Այս է, հիրավի, Քո վերին օգնության նշանը Քո բոլոր ստեղծածներին:
	Ուրեմն, աղերսում եմ Քեզ Քո անվամբ, որով Դու հայտնեցիր Քո Աստվածային Էությունը և բարձրացրիր Քո Գործն ամեն արարվածի վրա և Քո ամեն մի ամենակատարյալ անուններով ու վեհապանծ հատկանիշներով ու բոլոր առաքինություններով, որոնցով փառաբանված է Քո երկնային ու ամենավեհ Էությունն, առաքիր այս գիշեր Քո ողորմածության ամպերից Քո ապաքինող անձրևներն այս տկարի վրա, որին Դու կապեցիր Քո ամենափառապանծ Էության հետ Քո արարման արքայությունում: Ուրեմն, Քո վերին օգնությամբ հագցրու նրան, ո՜վ իմ Աստված, բարօրության ու առողջության հագուստներ և պահպանիր նրան, ո՜վ իմ Սիրեցյալ, ամեն տեսակի հիվանդությունից ու տկարությունից և այն ամենից, ինչ Քեզ նողկալի է: Քո իսկական զորավորությանը ենթակա է ամեն բան: Դու, հիրավի, Ամենազորավոր ես, Ինքնագո: Ուրեմն, առաքիր նրան, ո՜վ իմ Աստված, այս աշխարհի ու գալիք աշխարհի բարիքն, անցյալ սերունդների և ապագա սերունդների բարիքը: Քո հզորությունն ու իմաստունությունը, հիրավի, համակում են ամեն ինչ:

-Bahá'u'lláh
-----------------------

