ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ (#4583)

Ո՜վ Աստված, իմ Աստված: Զղջումով ես Քեզ դիմեցի և Դու, հիրավի, Ներող ես, Կարեկից:
	Ո՜վ Աստված, իմ Աստված: Ես վերադարձա Քեզ մոտ և Դու, հիրավի, Հավերժ Ներող ես, Ողորմած:
	Ո՜վ Աստված, իմ Աստված: Ես բռնվեցի Քո առատության թելից և Քեզ է պատկանում այն ամենի գանձատունն, ինչ կա երկնքում ու երկրի վրա:
	Ո՜վ Աստված, իմ Աստված: Ես շտապեցի Քեզ մոտ և Դու, հիրավի, Ներող ես, ո՜վ առատ վերին օգնության Տեր:
	Ո՜վ Աստված, իմ Աստված: Ես ծարավ եմ Քո ողորմածության երկնային գինուն և Դու, հիրավի, Տվող ես, Առատաձեռն, Գթասիրտ, Ամենազոր:
	Ո՜վ Աստված, իմ Աստված: Վկայում եմ, որ հայտնեցիր Դու Քո գործը, կատարեցիր Քո ուխտը և Քո ողորմածության երկնքներից առաքեցիր այն, ինչ ձգում է դեպի Քեզ Քո ընտրյալների սրտերը: Բարիք նրան, ով ամուր բռնված է Քո ամուր թելից և բռնվել է Քո փայլող հագուստների եզրակտորից:
	Խնդրում եմ Քեզ, ո՜վ ամեն գոյի Տեր, տեսանելիի և աներևույթի Արքա, Քո ուժով, Քո վեհությամբ և Քո իշխանությամբ թույլ տուր, որ իմ անունը գրվի փառքի Քո գրչով Քեզ հավատարիմների միջև, նրանց, ում մեղսագործների ձեռագրերը չհեռացրին Քո դեմքի լույսից, ո՜վ Աստված, աղոթքներին անսացող ու դրանց պատասխանող:

-Bahá'u'lláh
-----------------------

ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ (#4584)

Փառապանծ ես Դու, ո՜վ իմ Տեր Աստված: Թախանձում եմ Քեզ Նրանով, Ով Քո Մեծագույն Անունն է, Ով դաժանաբար տուժեց Քո այն ստեղծածներից, ովքեր մերժեցին Քո ճշմարտությունն, ում վրա թափվեցին այնպիսի ձախորդություններ, որոնք ոչ մի լեզու չի կարող նկարագրել. թույլ տուր ինձ հիշատակել ու փառաբանել Քեզ այս օրերում, երբ բոլորը շրջվում են Քո գեղեցկությունից, հակաճառում են Քեզ և գոռոզաբար թեքվում են Նրանից, Ով Քո Գործի Հայտնիչն է: Դու չունես, ո՜վ իմ Տեր, այլ օգնական, բացի Քեզանից և ոչ մի ուժ Քեզ չի սատարի, բացի Քո ուժից:
	Ես աղերսում եմ Քեզ` արժանացրու ինձ ամուր բռնվել Քո սիրուց և Քո մասին հիշատակումից: Այս, հիրավի, իմ ուժերի մեջ է և Դու նա ես, Ում իմ մասին ամեն ինչ հայտնի է: Դու իրականորեն գիտես, հասկանում ես ամեն ինչ: Մի զրկիր ինձ, ո՜վ իմ Տեր, Քո դեմքի լույսի փայլից, որը լուսավորեց ամբողջ աշխարհը: Չկա Աստված Քեզանից բացի` Ամենաուժեղ, Ամենափառապանծ, Հավերժ Ներող:

-Bahá'u'lláh
-----------------------

ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ (#4585)

Գովք Քեզ, ո՜վ իմ Տեր Աստված: Վկայում եմ, որ դարերից ի վեր Դու բարձրացված էիր Քո անհասանելի վեհության ու զորավորության մեջ և հավիտյանս հավիտենից կմնաս Քո անգերազանցելի իշխանության ու փառքի մեջ: Ոչ ոք երկրային ու երկնային արքայություններում չի կարող խոչընդոտել Քո մտադրությանը, ոչ ոք հայտնության ու արարման կացարաններում չի կարող իշխել Քեզ: Քո կամքով ես Դու կատարում այն, ինչ ցանկանում ես և Քո տիրակալության ուժով ես ղեկավարում, ինչպես Քեզ ցանկալի է:
	Ո՜վ Դու, արշալույսին փայլել Հրամայող, աղերսում եմ Քեզ Քո Կանթեղով, որը վառել ես Դու Քո սիրո կրակով ամեն գոյի առջև երկնքում ու երկրում և որի բոցը սնում ես Դու Քո իմաստունության յուղով Քո արարման Արքայությունում. դարձրու ինձ նրանցից մեկը, ով վեր ճախրեց Քո երկնքները և իր կամքը ենթարկեց Քո կամեցողությանը:
	Ես ոչնչություն եմ, ո՜վ իմ Տեր, իսկ Դու Ամենաուժեղն ես, Ամենազորավորը: Խղճա ինձ Քո ողորմածությամբ ու առատությամբ և բարեհաճորեն օգնիր ինձ ծառայել Քեզ ու Քո սիրեցյալներին: Քո իշխանության մեջ է կատարել այն, ինչ կցանկանաս: Չկա Աստված Քեզանից բացի` ուժի, փառքի և իմաստունության Աստծուց:

-Bahá'u'lláh
-----------------------

ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ (#4586)

Գովք Քեզ, ո՜վ Տեր իմ Ամենասիրելի: Օգնիր ինձ լինել տոկուն Քո Գործում և ընծայիր ինձ լինել նրանց միջև, ով չի խախտել Քո Կտակը և չի պաշտել իր աննպատակ երազանքների աստվածներին: Թույլ տուր ինձ Քո ներկայությամբ պատշաճ տեղ զբաղեցնել, շնորհիր ինձ Քո ողորմածության նշանով և թույլ տուր ինձ միանալ Քո այն ծառաներին, ովքեր վախ չգիտեն և տխրության չեն մատնվի: Ինձ մի տրամադրիր ինքս ինձ, ո՜վ իմ Տեր, և մի զրկիր ինձ Նրան ճանաչելուց, Ով հենց Քո Հայտնումն է և մի դասիր ինձ նրանց շարքին, ովքեր շրջվել են Քո սուրբ ներկայությունից: Դասիր ինձ նրանց շարքին, ո՜վ իմ Աստված, ովքեր արժանացան Քո Գեղեցկությունը դիտելու պատվին և ով այնպիսի երանություն կրեց, որ չէր տա ոչ մի նման պահ հանուն երկնքի ու երկրի արքայություններին տիրանալու կամ հանուն ամբողջ ստեղծված աշխարհը տիրելու: Գթա ինձ, ո՜վ Տեր, այս օրերում, երբ Քո երկրի ժողովուրդներն ամբողջովին շեղվել են ճանապարհից, օժտիր ինձ, ո՜վ իմ Աստված, այն բանով, ինչը Քո գիտակցությամբ բարին է ու ինչը` չարը: Դու, հիրավի, Ամենազոր ես, Ողորմած, Առատաձեռն, Ամենաներող:
	Արժանացրու ինձ, ո՜վ իմ Աստված, չհայտնվել նրանց մեջ, ում ականջները խուլ են, աչքերը` կույր, լեզուները` համր, իսկ սրտերն` անդյուրընկալ: Ազատիր ինձ, ո՜վ Տեր, տգիտության ու եսասիրական ցանկությունների կրակից, թույլ տուր ինձ Քո անսահման ողորմածության կացարան մուտք ձեռք բերել և ի վերուստ առաքիր ինձ այն, ինչ Դու սահմանել ես Քո ընտրյալների համար: Քո կամքն է կատարել այն, ինչ կցանկանաս: Հիրավի, Դու Օգնական ես Վտանգի մեջ, Ինքնագո:

-The Báb
-----------------------

ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ (#4587)

Փառաբանված ես Դու ու գովերգված, ո՜վ Աստված: Մոտեցրու այն օրը, երբ մենք կհասնենք Քո սուրբ ներկայությանը: Քաջալերիր մեր սրտերը Քո սիրո ու բարեհաճության ուժով և ընծայիր մեզ տոկունություն, որպեսզի մենք հաճույքով ենթարկվենք Քո Կամքին ու Քո Մտադրությանը: Հիրավի, Քո գիտելիքն ընդգրկում է այն ամենն, ինչ ստեղծված է կամ կստեղծվի Քո կողմից, և Քո երկնային ուժը գերազանցում է այն ամենն, ինչ Դու կյանքի ես կոչել կամ կկոչես: Երկրպագելու ոչ ոք չկա, բացի Քեզանից, ցանկանալու ոչինչ չկա, բացի Քեզանից, պաշտելու ոչ ոք չկա, բացի Քեզանից և սիրելու ոչինչ չկա, բացի Քո բարեհաճությունից:
	Հիրավի, Դու գերագույն Տիրակալ ես, Բարձրագույն Ճշմարտություն, Վտանգի մեջ Օգնական, Ինքնագո:

-The Báb
-----------------------

ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ (#4588)

Հիրավի ես Քո ծառան եմ, ո՜վ իմ Աստված, Քո աղքատը, Քո խնդրողը, Քո չնչին արարումը: Ես եկա դեպի Քո դարպասները` Քո ապաստանը փնտրելու: Ես ոչնչում հանգիստ չեմ գտնի, բացի Քո հանդեպ սիրուց, այլ ինքնամոռացում` բացի Քեզ հնազանդ լինելուց, այլ ուրախություն` բացի Քեզ մերձենալուց, այլ խաղաղեցում` բացի Քեզ հետ վերամիավորվելուց, չնայած ես գիտեմ, որ ամբողջ ստեղծվածը հեռացված է Քո վեհ Էությունից և ամբողջ ստեղծվածը զրկված է Քո նվիրական Էություն մուտք գործելուց: Երբ ես փորձում եմ մոտենալ Քեզ, իմ մեջ զգում եմ միայն Քո վերին օգնության նշանները և իմ մեջ նկատում եմ միայն Քո քնքուշ խնամքի հայտնությունները: Կարող է արդյո՞ք նա, ով միայն Քո արարումն է, փնտրել Քեզ հետ վերամիավորում և ձեռք բերել Քո ներկայությունը, եթե ոչ մի գոյ երբեք չի կարող կապված լինել Քեզ հետ և ոչ ոք չի կարող Քեզ հասկանալ: Հնարավո՞ր է, որ խոնարհ ծառան ճանաչի Քեզ ու Քեզ գովաբանի, չնայած Դու նրա համար պատրաստել ես Քո տիրապետության հայտնությունները և Քո իշխանության հրաշալի վկայությունները: Ուրեմն, ամբողջ ստեղծվածը հաստատում է, որ իր համար փակված է Քո ներկայության սրբավայրը, քանզի սահմանափակ է ներքին էությունը: Այնուամենայնիվ, ակնհայտ է այն, որ Քո ձգողականության ուժը հավիտյանս հավիտենից բնորոշ է Քո աջերի արարումներին, չնայած այն ամենն, ինչ արժանի է Քո նախախնամության սուրբ արքունիքին, առավել բարձր է ամբողջ արարվածի բոլոր սխրագործություններից: Սրանից հետևում են, ո՜վ իմ Աստված, Քեզ գովաբանելու իմ անզորությունը և Քեզ շնորհակալ լինելու իմ ծայրահեղ անընդունակությունն, իսկ առավել ևս` լիովին գիտակցելու Քո Աստվածային միասնությունը կամ առաջադիմելու Քո փառքի, Քո սրբության և Քո գեղեցկության հստակ նշանների ճանաչման մեջ: Ոչ, երդվում եմ Քո զորավորությամբ` ես չեմ ձգտում այլի, բացի Քեզանից և չեմ փնտրում ոչ ոքի, բացի Քեզանից:

-The Báb
-----------------------

ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ (#4589)

Մշտնջենական ժամանակներից Դու եղել ես, ո՜վ իմ Տեր, ու հավիտյան կկենաս Միակ իսկական Աստված, երբ Քեզանից բացի բոլորը աղքատ են ու ողորմելի: Ամուր բռնվելով Քո Ուղեցույց Թելից` ո՜վ իմ Աստված, հեռացա ես մարդկանց աշխարհից և շրջելով դեմքս դեպի Քո կացարանը` թեքվեցի ամեն գոյից: Ողորմածաբար ոգեշնչիր ինձ, ո՜վ իմ Աստված, Քո վերին օգնությամբ ու առատաձեռնությամբ, Քո փառքով ու մեծությամբ, Քո իշխանությամբ ու շքեղությամբ, քանզի ես չեմ կարողանում գտնել որևէ մեկի, Քեզանից բացի` հզոր ու ամենագետ: Պահպանիր ինձ, ո՜վ իմ Աստված, Քո համապարփակ ու բավականաչափ փառքի հզորությամբ և երկնային ու երկրային ուժերով, քանզի ես չեմ կարող ամբողջությամբ վստահել ոչ ոքի, բացի Քեզանից, և ես մխիթարում չունեմ ոչ ոքի մեջ, բացի Քեզանից:
	Դու ես Աստված, իմ Տեր, Քեզ հայտնի են իմ կարիքները, Դու տեսնում ես իմ վիճակն ու գիտես, թե ինչ է բաժին ընկել ինձ Քո կամքով և ինչպիսի երկրային տառապանքներ եմ ես կրել Քո թողտվությամբ և ի նշան Քո առատաձեռնության ու բարեհաճության:

-The Báb
-----------------------

ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ (#4590)

Ո՜վ իմ Աստված: Ես չկարողացա Քեզ հասկանալ, ինչպես դա վայել է Քո փառքին և չկարողացա վախենալ Քեզանից, ինչպես դա վայել է իմ դիրքին: Ինչպե՞ս ես կարող եմ հիշատակել Քո մասին` կենալով այդ վիճակում և ինչպե՞ս ես կարող եմ իմ դեմքը շրջել դեպի Քեզ, երբ չկատարեցի իմ պարտքը Քեզ պաշտելու մեջ:
	Դու ինձ կյանքի կոչեցիր ոչ այն բանի համար, որ հայտնես Քո ուժի զորությունը, որն անշուշտ է և ակնհայտ: Չէ որ Դու ես Աստված` Նա, Ով կար դարերն ի վեր, երբ դեռ ոչինչ չկար: Դու շուտ ստեղծեցիր մեզ քո աստվածային ուժով, որպեսզի մենք ողորմածաբար հիշատակվեինք Նրա շքեղ հայտնության առջև, Ով Քո Հիշատակումն է:
	Ես ոչինչ չգիտեմ Քո մասին, ո՜վ իմ Աստված, բացի այն բանից, ինչ Քեզ ճանաչելու համար Դու ինձ սովորեցրիր, և այս գիտելիքն արտացոլում է միայն իմ սահմանափակությունն ու մեղավորությունը: Ո՜վ իմ Աստված, ահա ես` ամբողջությամբ Քեզ նվիրված, պատրաստ կատարելու այն, ինչ Դու ցանկանում ես: Ես խոնարհաբար ծնկի եմ իջնում Քո ողորմածության հայտնությունների առջև` ընդունելով, որ Դու ես Աստված ու չկա Աստված, Քեզանից բացի, որ Դու ես աննման ու չկա Քեզ հավասարն ու Քեզ նմանը: Սրա մասին Դու Ինքդ ես վկայում, ինչպես վայել է Քո մեծությանը:

-The Báb
-----------------------

